National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.11.2022
Օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով
1 / 1

Օրենսդրական փաթեթը մշակվել է հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները. մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանք արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը, ինչպես նաեւ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից թույլ տրված իրավախախտումները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կսահմանվեն գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաեւ կապահովվի սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման համապատասխան գործիքակազմը:

Առաջարկվող լրացմամբ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցվելու է:

Նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ` ընդերքի պահպանության պահանջների եւ ընդեքօգտագործման կանոնների խախտման դեպքերում:

Ի պատասխան Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցի՝ հնարավո՞ր է ունենանք ավազի պակասուրդ, Հովհաննես Հարությունյանը նշել է, որ այսօր շուկայում առկա են լցանյութերի հետ կապված խնդիրներ, սակայն հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել: Նշված հատվածում ներկայում գործում է 17 ընդերքօգտագործման իրավունք, որից 2-ը՝ ուսումնասիրության, իսկ 15-ը՝ բուն արդյունահանման: 15-ից 11 կազմակերպություն իրականացնում է արդյունահանում:

«Այս պահին կա Կառավարության գործող որոշում, որով սահմանափակվում է Արաքսի հունից ավազի արդյունահանումը: Կառավարության որոշման համար հիմք հանդիսացող լիազորող նորմ՝ որպես օրենք, մենք չունենք»,-պարզաբանել է Հովհաննես Հարությունյանը: Ավազի արդյունահանումից գետի հունն  է փոխվում, որի արդյունքում նաեւ սահմանն է փոխվում, ինչն ազգային անվտանգության եւ ապօրինի արդյունահանման խնդիր է: Առաջարկվող լրացումը միտված է լիազորող նորմի ապահովմանը՝ Կառավարության որոշումը լիարժեք կիրառելու համար:

Հովհաննես Հարությունյանի խոսքով օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը եւ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը:

«Հարցը համարել ենք առաջնային եւ ժամ առաջ մենք պետք է ունենանք կարգավորում, թե ինչպես պետք է կատարվի արդյունահանումը եւ ինչպիսի մեխանիզմներ կիրառենք տնտեսավարողների նկատմամբ»,- ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ առաջարկված ճանապարհով հարցը չի լուծվում. հունից ավազի գրագետ ճանապարհով արդյունահանումը կօգնի գետի հունի մաքրմանը եւ չի հանգեցնի բնական հունի փոփոխության: Առաջարկվել է կազմակերպել քննարկումներ գետի հունից ավազի արդյունահանման հնարավորություն ընձեռելու վերաբերյալ՝ մասնագետների, շահագրգիռ անձանց մասնակցությամբ:

Հայկ Ցիրունյանի կարծիքով վերականգնվող հանքերի հարցն առավել մանրամասն քննարկման կարիք ունի: Նրա խոսքով արդյունահանող կազմակերպությունները պետությանը, ստացած եկամուտների համեմատ, քիչ հարկեր են վճարում: Ուստի եւ անհրաժեշտ են խորքային հետազոտություններ:

Հունից ավազի արդյունահանման ձեւաչափը, քանակը, մեթոդիկան ու մեխանիզմները սահմանելու, բովանդակային եւ իրավական նորմերը հստակեցնելու նպատակով՝ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել են միայն խմբագրական փոփոխություններ: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է նաեւ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ներդրումների եւ ներդրումային գործունեության մասին» օրենքի նախագիծը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am